Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակության օր

Դեկտեմբերի 2-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի առաքյալներ՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի հիշատակության օրը, ովքեր քրիստոնեության առաջին սերմերը դրեցին Հայաստան աշխարհում: Հիսուս, խոսելով իր աշակերտների հետ, ասաց. «Նոր ժամանակներ են սկսվում, եկել է ծառայության ժամը, ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում, գնացե՛ք, քարոզեցե՛ք, աշակերտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ» (Մարկոս 16.15-20):
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները համարվում են մեր առաջին լուսավորիչները, Հայ եկեղեցու հիմնադիրները, ուստի, Հայ Եկեղեցին կոչվում է Առաքելական:
Սբ. Բարդուղիմեոս առաքյալը, գալով Հայաստան ծավալեց իր քարոզչական հետագա գործունեությունը: Վերջինիս հաջողվեց քրիստոնեությունը քարոզել Սանատրուկ թագավորի արքունիքում: Թագավորը, իմանալով այդ մասին, հազարապետին ուղարկեց, որ սպանի Բարդուղիմեոսին և այդ պահին առաքյալը ձեռքերը վեր բարձրացրացնելով դեպի երկինք՝ սկսեց աղոթել: Ապա՝ հողը շարժվեց, և լուսեղեն կամարը եկավ կանգնեց սրբի վրա: Եվ նա նայեց վերև՝ երկինք, ավանդեց հոգին և անուշության հոտ բուրեց:
Սբ. Թադեոս առաքյալը, Եդեսիայում քարոզչությունն ավարտելով, անցավ Հայաստան: Սանատրուկի դուստրը` Սանդուխտ կույսը, սրբի քարոզներին ունկնդիր լինելով, դարձավ քրիստոնյա: Այս մասին իմանալով` թագավորը հրամայեց դստերը և նորադարձ բոլոր քրիստոնյաներին ձերբակալել: Այդ ընթացքում Թադեոսը գաղտնի այցելում էր բանտ` մխիթարելու ձերբակալվածներին: Այցելություններից մեկի ժամանակ Թադեոսն աղոթում էր նորադարձ քրիստոնյաների համար, և հանկարծ նրանց շղթաները հրաշքով քանդվեցին: Այս ամենի մասին իմանալով` թագավորը հրամայում է բոլոր քրիստոնյաներին սպանել` բացի Թադեոսից և Սանդուխտից: Երկար փորձերից ու տանջանքներից հետո, տեսնելով դստեր անկոտրում կամքը, հրամայում է սպանել նրան: Այնուհետև, թագավորն իր մոտ կանչելով Թադեոսին, հարցնում է, թե ինչու՞ իր դստերը հեռացրեց իրենից: Թադեոսը պատասխանում է. «Քեզնից վերցրի և ընծայեցի Աստծուն»: Բարկացած թագավորը հրամայում է գլխատել Սբ. Թադեոսին:
Երկու լուսավորիչներն էլ իրենց քարոզչության ընթացքում Հայաստան բերեցին մի շարք նվիրական սրբություններ: Սբ. Թադեոսը բերել է Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը (Հովհաննես 19.34), ինչպես նաև մի բաժին այն յուղից (մյուռոն), որ Հիսուս փոխանցել էր առաքյալներին, իսկ Սբ. Բարդուղիմեոսը իր հետ Հայաստան է բերել Աստվածամոր պատկերը: